28/09/2016 14:10
Հրանտ Բագրատյանն առաջարկում է Առաքելական եկեղեցուց էլ հարկ գանձել
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննրակման ժամանակ հայտարարեց, որ դժգոհ է հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պատասխաններից:
«Իմ հանդեպ կա ձեռառնոցի, ցինիզմ: 191 կետի դիտողություն եմ արել ու ի՞նչ պատասխաններ եք տվել: Լրջագույն հարց եմ բարձրացնում, կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Օրինակ՝ հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարի, դուք ասում եք՝ օրենսդրության համապատասխան: Ու այս շարանը շարունակվում է: Ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պետք է ոչ միայն քաղաքացին, այլև` պետական գերատեսչությունները վճարեն, ասում եք՝ բյուջեն չի հերիքում»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա Միրումյանին հարցրեց, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է վճարի: « Հայ Առաքելական եկեղեցին ինչո՞ւ պետք է հարկ չտա: Չմոռանանք պատմությունը, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել: Իսկ դուք ասում եք՝ օրենքով դա այդպես չէ»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ եթե Հրանտ Բագրատյանը պնդում է՝ իրենք կարող են վերանայել հարկման հարցը: «Մենք նկատառումներ ունենք՝ նման շինությունների հետ կապված կադաստրային արժեքների գնահատման հետ. դա բեռ է կրոնական կազմակերպությունների համար, դրա համար այս արտոնությունները պահպանել ենք: Անշարժ գույքի հետ կապված առաջիկայում հարկումն իրականացնելու ենք, հիմա պատրաստ չենք: Իսկ անհատ ձեռնարկատերերը շատ են, որ ԱԱՀ դաշտում ու հարկ վճարելը կապ չունի անհատ ձեռնարկատեր լինելու հետ: Հստակեցնենք հարցադրումը և կոնկրետ կպատասխանեմ»,-ասաց Վ. Միրումյանը:
Բագրատյանն արձագանքեց՝ խոսքը նրա մասին է, որ անընդհատ եկեղեցի ենք կառուցում: «Մենք 6600 եկեղեցի ունենք կառուցած, իսկ բնակչության 1000 շնչին ընկնող եկեղեցիների թվով երկրորդն ենք քրիստոնյա աշխարհում՝ հույներից հետո, ռուսները, որ 14 անգամ ավելի են՝ 27 հազար է: Հունական Սանտորինի քաղաքում ամեն տուն մի եկեղեցի ունի, չենք հասել իրենց, բայց ուզում ենք ձգտել, իմաստը ո՞րն է»,- ասաց նա:
Տեղից արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Որպես հունական և հայկական արմատներ ունեցող մարդ՝ շատ ուրախ ու հպարտ եմ, որ առաջին երկու տեղերը կիսում են հույներն ու հայերը»: