28/09/2016 16:12
Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:
Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղևնի տնկել Հիշողության պուրակում:
«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլև Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին», - ասել է պարոն Ռոշբլուանը և կարևորել Հայոց ցեղասպանության ու առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը: