28/09/2016 14:59
Ներկայումս Իրան-Հայաստանի երկաթգծի տնտեսական նպատակահարմարությունը զրո է. Տնտեսագետ
Ներկայումս տնտեսական առումով Հայաստան-Իրան երկաթգծի նպատահարմարությունը զրո է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Երբ նայում ենք, թե ինչ ապրանքաշրջանառություն կա Հայաստանի և Իրանի միջև` եզրակացությունը սա է: Այս նախագծի որևէ տնտեսական հիմնավորում չկա», - ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով հարցին, եթե լինի երկաթգիծը`արդյոք դա չի՞ նպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը` Վահագն Խաչատրյանը նշեց, որ նման նախագծերի դեպքում այդպիսի հարցերը պետք է որոշվեն ի սկզբանե:
«Չի լինում այնպես, որ ասեն դե երկաթգիծը կա` հիմա որոշենք, թե ինչ ենք տեղափոխելու: Երբ որ տեսնում են, որ կա որևէ ապրանք ու այն պետք է X կետից հասցնել Y կետ` սկսում են մտածել, թե դրա ամենաարդյունավետ ճանապարհը ո՞րն է` երկաթգիծ կլինի, օդային ճանապարհ և այլն: Խնդիրն այն է, թե Իրանն ի՞նչ առաջարկ ունի, ի՞նչ է պատրաստվում տեղափոխել»,- ասաց Վահագն Խաչատրյանն ընդգծելով` ենթակառուցվածքը չեն կառուցում ու հետո նոր մտածում, թե ինչի համար են օգտագործելու:
Ինչ վերաբերում է երկաթգծային նախագծի միջոցով Թուրքիայի, Հայաստանի ու Նախիջևանի քաղաքների հնարավոր միացմանը Իրանի հետ` տնտեսագետը նշեց, որ սրա համար առաջին հերթին քաղաքական լուծումներ են պետք.
«Եթե նման ծրագրերի մասին է խոսվում` նշանակում է, որ առաջին հերթին քաղաքական հարցերը պետք է լուծվեն, որովհետև մենք այսօր հենց քաղաքական պատճառներով ենք տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս մնում: Մենք ունեինք պատրաստի երկաթգիծ` Թբիլիսի-Բաքու-Նախիջևան-Հայաստան-Երևան-Գյումրի-Կարս, որն անօգտագործելի դարձավ զուտ քաղաքական առումով», - ասաց Վահագն Խաչատրյանը: