28/09/2016 15:09
Վարդենիսում աշակերտները համաձայնության են եկել և դադարեցրել դասադուլը
Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցականները երեկ՝ սեպտեմբերի 27-ին դասադուլ էին հայտարարել. պատճառն այն է, որ աշակերտները չեն ցանկանում դասերը շարունակել 4-րդ կարգի վթարային շենքում, նրանք պահանջում են տեղափոխվել կառուցվող նոր շենք, որի շինարարական աշխատանքները, սակայն, ավարտված չեն:
Այսօր արդեն համայնքի ղեկավարությունը և աշակերտների ծնողները համաձայնության են եկել դասերը շարունակելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանը:
«Ծնողների հետ եկանք համաձայնության, որ դասերը շարունակվեն բնականոն ընթացքով, մինչև հոկտեմբերի 10-ը: Շինարարները և համապատասխան ատյանները հետևողականություն են դրսևորում, որ նոր կառուցվող, ժամանակակից դպրոցը հոկտեմբերի 10-ին շահագործման հանձնվի», - հաղորդեց համայնքապետը:
Կամո Պետրոսյանն ասաց նաև, որ երեխաներն ավելի շահագրգռված են նոր դպրոցում սովորելու. «Մի թեթև էլ կողքից ինչ-որ բաներ անողներ կան, հետընտրական խնդիրներ են, ջահելների լեզվով ասած՝ աբիժնիկներ կան էլի»:
Համայնքի ղեկավարը դժգոհություն հայտնեց, որ կատարված լավ աշխատանքները ոչ ոք չի նկատում, միայն բացասականի մասին են բարձրաձայնում:
«Ժամանակակից բոլոր նորմերին համապատասխան դպրոց են կառուցել, պարզապես նախագծային աշխատաներում փոփոխություն եղավ, մի մասնաշենքը փոխեցին, բնականաբար, պետք է նաև նախագծերն էլ փոխվեին, դրա համար որոշակի ձգձգումներ առաջացան», - Aysor.am-ին հաղորդեց Կամո Պետրոսյանը՝ նշելով նաև, որ ներքին հարդարման խնդիրներ կան, ինչ էլ, իր խոսքով ասած, «չուզողների ձեռքին խաղաթուղթ դարձավ»: