28/09/2016 15:20
ԱԺ 14 պատգամավորի կողմից ստորագրված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին դիմումն ուղարկվել է Քննչական կոմիտե
Այսօր ժամը 14:00-ին ՀՀ Քննչական կոմիտե է ուղարկվել «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ԱԺ 14 պատգամավորների կողմից ստորագրված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը:
Դիմումի տակ ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:
Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից:
Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: