28/09/2016 15:26
Ես ինքս չեմ լսել, որ Հայաստանում բիզնես խլված լինի․ Վախթանգ Միրումյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ԱԺ-ում լրագրողներ հետ ճեպազրույցում անդրադարձավ բյուջեի թերակատարման պատճառներին։ Միրումյանը մասնավորապես նշեց․ «Խոշոր հարկ վճարողների շրջանում մենք ունենք էական թերակատարում։ Բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների վրա, քանի որ բյուջեի եկամուտների շուրջ 54% վճարում են խոշոր հարկ վճարողները։ Սա է պատճառը, որ կա բյուջեի թերակատարում»։
Անդրադառնալով այսօր ԱԺ-ում քննարկվող Հարկային օրենսգրքի շուրջ քննարկմանը, որն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը, Վ․Միրումյանը նշեց, որ ներկայացված օրինագիծը նախկինի բարելավված տարբերակն է։
«Օրինագծում մի շարք կարգավորումներ են ներկայացված և ցավում եմ, որ քննարկումները սահմանափակվեցին միայն մի քանի խնդրին անդրադարձով։ Իրականում, օրենսգիրքը շատ ավելի խորը և կարգավորիչ դրույթներ է սահմանում բիզնես դաշտի համար։ Մասնավորապես, հարկային վարչարարության բեռը նվազում է։ Կարծում եմ, որ օրենսգրքի ընդունումից հետո, երբ մեր գործարարները ծանոթանան օրենսգրքին և դրա կարագավորումներին, արձագանքները նեգատիվ չեն լինի», - նշեց Վ․Միրումյանը։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է վերացնել մանր գողությունը, Վ.Միրումյանն ընդգծեց. «Կարծում եմ, որ ասվածն այլ հարթությունում էր։ Խոսքը ավիատոմսերին էր վերաբերում։ Իսկ բյուջեի մսխման վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ։ Ես անազնիվ կլինեմ, եթե ասեմ, որ բացառում եմ նման դեպքերը։ Ցանկացած պետական ծառայողի վարքագծում կարող է լինել նման երևույթ և ներքին վերահսկողության խնդիրը նման երևույթների բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկումն է»։
Հարցին, տեղյակ է արդյոք, որ նախկինում բիզնեսներ են խլվել, Միրումյանն ասաց․ «Ես ինքս չեմ լսել, որ Հայաստանում բիզնես խլված լինի։ Նման դեպք ես չգիտեմ։ Եթե վարչապետը հայատարել է, հավանաբար նրա մոտ տեղեկություն կա»։