28/09/2016 18:31
2016 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է սպանության 41 դեպք. ՀՀ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել են մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները, կրճատվել նախաքննության ժամկետները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես՝ 2016 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է սպանության 41 դեպք, որից 38-ը կամ 90,2 %-ը բացահայտվել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացահայտումը բարելավվել է 27 %-ով:
2015 թվականին գրանցված սպանության 38 դեպքից բացահայտվել էր 63,1 %-ը, իսկ 2016 թվականի 9 ամսվա տվյալներով՝ բացահայտումն արդեն կազմել է 93,1 % (9 ամսվա ընթացքում գրանցվել է սպանության 58 դեպք, որից 54-ը բացահայտվել է)։ էապես՝ 27,5 %-ով, բարելավվել են ավազակային հարձակումների բացահայտումները՝ կազմելով 71 %՝ 2015 թվականի 43,5 %-ի դիմաց։
Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները բարձրացել են 8 %-ով: Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 100, բռնաբարության և բռնաբարության փորձերի ցուցանիշը՝ 94,1, խարդախության դեպքերի բացահայտումը՝ 91 %։
Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին կիսամյակում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 26.6 գործ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր առմամբ 12601 քրեական գործ։
Կրճատվել են նախաքննության ժամկետները։ Եթե 2015 թվականի առաջին կիսամյակում քննված քրեական գործերից մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1750, ապա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 2068 քրեական գործ։
Հաղորդվում է, որ էլեկտրոնային համակարգի ներդրումն էապես նպաստել է քննության ընթացքում անհրաժեշտ տեղեկություններն օպերատիվ ստուգելուն, նախաքննության ժամկետները կրճատելուն։