29/09/2016 09:13
Աշոտյանի «Volkswagen Tuareg»-ը աճուրդով կվաճառվի. «Ժողովուրդ»
Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության և գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, աճուրդով կվաճառվի:
«Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը`հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերվել 2009 թվականին, և այն գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք», - ասել է Նորայր Ղուկասյանը:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳ գործող նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն իր նախորդի ավտոմեքենայից հրաժարվելու քայլով փաստացի ակնարկում է, որ Արմեն Աշոտյանը չհիմնավորված շռայլություն է թույլ տվել, քանի որ նա այդպիսով միանգամից երկու ծառայողական ավտոմեքենա է ունեցել: Հիմա Լ. Մկրտչյանը երթևեկում է առավել համեստ` «Տոյոտա քեմրի» ծառայողական ավտոմեքենայով: Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե, ի վերջո, ով կդառնա «Աշոտյանի Տուարեգի» տերը», - մեկնաբանել է թերթը: