29/09/2016 16:08
«ԶԱՌ»-ում անցկացվող զորավարժությանը 500 զինծառայող է մասնակցել
ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվելու է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում:
Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60 ռազմական և բժշկական տեխնիկա և ուղղաթիռներ:
Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ:
Ինքնագնահատման գործընթացը իրականացվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։