29/09/2016 17:46
«Հայփոստը» կանոնավոր փոխադրումներ կիրականացնի դեպի Եվրոպա
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն այսուհետ հանդես կգա նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությամբ:
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի աննախադեպ ծառայության, ինչպես նաև ձեռք բերված հատուկ նոր մեքենաների շնորհանդեսը, որին ներկա է եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հայփոստ թրասթ մենեջմենթի»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նախարար Վ. Մարտիրոսյանին ներկայացրել է նոր մեքենաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:
Այնուհետև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և «Հայփոստ թրասթ մենեջմենթի»-ի տնօրենը վարորդներին հանձնել են նոր մեքենաների խորհրդանշական բանալիները:
Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անփորձանք երթ մաղթելով վարորդներին` նախարար Վ. Մարտիրոսյանը կարևորել է «Հայփոստի» կողմից 14 հատուկ նոր մեքենաների ներդրումը, որոնց արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախարարի կարծիքով` այս ներդրումն առաջին հերթին անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության բնակիչներին որակով ծառայություն մատուցելու համար:
Նոր ծառայությունը կօժանդակի նաև ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը, միաժամանակ կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:
«Հայփոստի» այս նոր ծառայությունը հոկտեմբերի 1-ից կիրականացնի փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ: