29/09/2016 14:18
Սփյուռքի նախարարության վերանվանման հարցը հետաձգվել է ֆինանսների սղության պատճառով. Գագիկ Մելիքյան
ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարության ժամանակավորապես հետաձգվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հարցը դեռևս քննարկման փուլում է: Ֆինանսական սղության պատճառով այս պահին համաձայնվեցինք, որ հարցը դեռևս մնա այս փուլում: Կարծում եմ՝ առաջիկայում մինչև ապրիլ հնարավոր է, որ նման առաջարկություններ նորից հնչեն», - ասաց Գագիկ Մելիքյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ անհրաժեշտ միջոցների հայթայթումից հետո նախարարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կլինեն:
Երկուշաբթի, սեպտեմբերի 26-ին, ԱԺ արթահերթ նիստից առաջ ՀՀԿ խբակցությունը նիստում քննարկվել էր Սփյուռքի նախարարության անվանափոխման հարցը:
Aysor.am-ը ներկայացրել էր պատգամավորների, այդ թվում՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Խոսրով Հարությունյանի, Գագիկ Մելիքյանի և Սուքիաս Ավետիսյանի իրարամերժ կարծիքները նախարարության անվանափոխման հարցի շուրջ: