29/09/2016 12:20
«Շլյապայով տղայի»՝ Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է. Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի շտապում քննադատել Հանրային հեռուստաընկերության եթերում երաժշտական նախագծերի ժամանակ հնչող ռաբիս երաժշտությունը։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երբեմն ինքն էլ է լսում ռաբիս: Որպես օրինակ Գ.Սահակյանը նշեց «շլյապայով տղային» (նկատի ունի Թաթային – Aysor.am)։
«Ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն։ Դրա արդյունքում բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել։ Օրինակի համար ռաբիս երգողներից Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է, բայց ռաբիս է, որը կարծում եմ ավելի ճոխացված է», - ասաց նա։
ԱԺ նախագահն ասաց, որ դժվարնում է առանձնացնել ռաբիս երաժշտության կոնկրետ կատարողների և «խորհուրդ տալ շրջապատողներին» և ընդգծեց, որ երբեմն ինքը լսում է ռաբիս երաժշտություն։
«Երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք», - ասաց նա։