29/09/2016 17:07
Հայաստանի համար 18 նախարարությունը ճոխություն է. Թևան Պողոսյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում 18 նախարարությունը ճոխություն է և մեզ 12 նախարարությունը լրիվ բավական էր:
«Եթե Գերմանիայի, Իտալիայի և Շվեդիայի նման երկրները 12-13 նախարարության շրջանակում են տեղավորվում, ապա Հայաստանի չափերն ու բնակչությունը թույլ է տալիս ևս տեղավորվել այդքանի մեջ: Սա չի նշանակում, որ մենք կորցնում ենք որևէ մեկի գործառույթները: Մենք որոշել ենք հունական փորձը կրկնել, երբ 10 միլիոն բնակչությունից 1 միլիոնը պետական համակարգի աշխատողներ էին: Հիմա փորձում եմ հասկանալ այս փոփոխություները տեղի՞ն էին, թե՞ ոչ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր փոփոխություն սկզբում վախ է առաջացնում, մինչդեռ պետք է ավելի ռիսկային լինել փոփոխությունների հանդեպ:
«Հասկանում եմ, որ մարդն իր բույթով կոնսերվատիվ է և ունի վախ այդ փոփոխության հանդեպ, բայց եթե մենք դրան չգնանք, ապա առաջընթաց չենք ունենալու, մնալու ենք հին տաշտակի առջև կանգնած: Պիտի չվախենանք, որովհետև այս մեքենան չի աշխատի: Համակարգային փոփոխությունների ակնկալիքը, որը ես ունեի, կարելի է նաև անվանել պետական կառավարման համակարգի հանդեպ արմագեդոն, որը ենթադրում էր ամբողջությամբ փոխել ու նորովի ձևավորել կառավարությունը», - նշեց պատգամավորը:
Հարցին դրակա՞ն է համարում ՀՀԿ առաջարկը Սփյուռքի նախարարությունը վերանվանելու Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն, պատգամավորը նշեց, որ հայրենադարձությունը զուտ նախարարության անուն փոխելու մեջ չէ:
«Օրինակ, Սիրիայից ինչքան փախստական եկավ, ու ինչքանով մենք նպաստեցինք, որ նրանք այստեղից չգնան: Հարց է առաջանում՝ արդյոք մենք կարողացե՞լ ենք պահպանել այս մարդկանց: Այդ հարցերով Սփյուռքի նախարարությունը պետք է չզբաղվի: Նրա խնդիրը հայապահպանական աշխատանքն է և մեծագույն սխալ եմ համարում, որ Սփյուռքի նախարարության անվան մեջ ավելացնենք հայրենադարձությունը: Այս դեպքում ի՞նչ գործառույթ է նա իրականցնելու. հայապահպանակա՞ն խնդիր է լուծելու, թե՞ խնդիր է դնելու այստեղ միգրացիոն հոսքերն ապահովելու: Պետք է ընդամենը ձևավորել մի երկիր, որտեղից մարդիկ չուզենան գնալ, դրանից հետո վստահ եմ դռները կբացվեն այստեղ վերադառնալու համար», - ասաց նա:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նախարարության անվանափոխման հարցը հետաձվում է ֆինանսական միջոցների սղության պատճառով: