29/09/2016 17:31
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կարգավորել Մերձավոր Արևելքի հակամարտությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միջազգային հանրությանը և առաջին հերթին ՄԱԿ-ին՝ ձեռնարկել Սիրիայում և Իրաքում հակամարտությունների կարգավորման նոր ջանքեր, հայտնում է РИА Новости-ն:
«Բացի անհրաժեշտ մարդասիրական օգնությունից՝ այսօր մեր եղբայրներին ու քույրերին Սիրիայում և Իրաքում ամենից շատ խաղաղություն է հարկավոր։ Այդ իսկ պատճառով ես չեմ հոգնում խնդրել միջազգային հանրությունից էլ ավելի մեծ ու նոր ջանքեր՝ ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռքբերման համար»,-հայտարարել է հովվապետը՝ դիմելով Վատիկանում Սիրիայի և Իրաքի հարցով բարեգործական կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչների 5-րդ հանդիպման մասնակիցներին, որը կազմակերպել է Cor Unum պապական խորհուրդը:
Ֆրանցիսկոսը երախտագիտություն է հայտնել միջազգային ներդրումների համար, առաջինն հերթին ՄԱԿ-ին՝ տարբեր կառավարությունների միջև միջնորդության համար՝ հակամարտությունների կարգավորման նպատակով։ Նրա խոսքով՝ այդ ուղիով շարժվելը պահանջում է մեծ համբերություն, ջանքեր, ինչպես նաև հրատապություն, և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում։
Վատիկանում կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։