29/09/2016 10:11
ՄԻՊ-ին առընթեր ստեղծվել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ` նոր կազմով, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Այն կազմված է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ եւ այլն):
Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին:
Խորհրդի նպատակն է աջակցել պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով: