29/09/2016 20:07
Շարմազանով. Պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները կնշանակվեն մինչև հոկտեմբերի 3-ը
ՀՀԿ ԳՄ սեպտեմբերի 29-ի նիստում քննարկվել են ներքաղաքական եվ ներկուսակցական հարցեր, ՏԻՄ ընտրությունները, ՀՀԿ թեկնածուների հաջողության շանսերը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցույան մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը, որը կրելու է հաշվետու բնույթ:
«Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրի, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա չբացառեց, որ մարզպետների դեպքում ևս փոփոխություններ կլինեն: «ՀՀ նախագահն իր ծրագրային ելությում ասաց` կլինեն փոփոխություններ՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն և դատաիրավական համակարգ: Դրա համար չեմ բացառում, որ կլինեն նաև մարզպետարաններում փոփոխություններ», - նշեց նա։
Անդրադառնալով նրան, որ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները դեռ նշանակաված կամ վերանշանակված չեն, Է.Շարմազանովը նշեց, որ այդ նշանակումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների մեջ են:
«Մինչև հոկտեմբերի 3-ը պարոն նախագահը կանի այդ նշանակումները կամ վերանշանակումները», - ասաց նա:
Aysor.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն փորձու՞մ է նորանշանակ նախարարներին ու, մասնավորապես, նոր վարչապետին ներգրավվել իրենց կազմում, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Եվս մեկ անգամ կրկնում եմ ` նրանք բոլորը մեկ թիմի անդամ են: Կընդգրկվեն նրանք ՀՀԿ-ի կազմում, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»։