29/09/2016 12:23
Առանց ծանուցման Հյուսիսային պողոտայում առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ զբաղվելու համար ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Վերնիսաժ 1» և «Հանքաշար» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր:
Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «Վերնիսաժ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առևտրային գործունեություն իրականացնելու համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսպիսով, «Վերնիսաժ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ:
Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով: