29/09/2016 12:11
Տարոն Մարգարյանը «Թումոյի» ուսանողներին առաջարկել է Երևանում խցանումների մասին իրազեկող հավելված ստեղծել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել և մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝ ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար այգում տեղադրվել են նաև նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ:
Իր գոհունակությունը հայտնելով հանգստի գոտում իրականացված աշխատանքներից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է կենտրոնի մասնակցությունը բարեկարգման ծրագրերին ու նկատել, որ կենտրոնի այս նախաձեռնությունն իսկապես օրինակելի է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն հանդես գալ նմանատիպ ծրագրերով:
Ի դեպ, դեռևս այս տարվա ապրիլին Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի ուսանողներ Էդգար Գասպարյանին և Ռոլանդ Խոջայանին հիվանդանոցում տեսակցության այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց խոստացել էր ապաքինումից հետո այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաների հետ միասին կծանոթանա կենտրոնի առօրյային: Եվ խոստման համաձայն, Երևանի քաղաքապետը տղաների հետ «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ Բեկոր Փափազեանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կրթական հաստատության գործունեությանն ու զրուցել տարբեր խմբակների ուսանողների հետ:
Մասնավորապես, կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:
«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումոյի» մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», - ընդգծել է քաղաքապետը: