29/09/2016 10:31
Բաքվում անցկացվող ADEX-2016 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանը որևէ նոր զինտեխնիկա չի ցուցադրել. ռազմական փորձագետ
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի հայտարարությունը, թե Ադրբեջանը բանակցում է համաշխարհային առաջատար ձեռնարկությունների հետ 280 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրության համար տեխնոլոգիաներ կիրառելու հարցով, տեղեկատվական դաշտում «Իսկանդերների» էֆֆեկտին հակադրելուն ուղղված քայլ է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տարածաշրջանային ռազմաքաղաքականության հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Չենք կարող ամբողջովին բացառել, որ հնարավոր են նման բանակցություններ, բայց ամեն դեպքում, այս իրադարձությունների ֆոնին, մասնավորապես «Իսկանդերները» Հայաստանում ցուցադրելուց հետո, այդ հայտարարությունը կարող է պարզապես «Իսկանդերին» հակադրելու ուղղված լինի», - ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, մինչ այս նմանատիպ հայտարարություններ չեն եղել, ինչը, բնականաբար, կասկածների տեղ է տալիս:
«Ինչպես գիտենք, «Իսկանդերի» այն տարբերակը, որը մեզ են տվել, ունի 280-300 կմ հեռահարություն, այն բալիստիկ հրթիռ է, այսինքն լրիվ պարամետրերով համապատասխանում է նրան, ինչի մասին Ջամալովը հայտարարում է, թե իրենք ցանկանում են ձեռք բերել համաշխարհային տարբեր ընկերությունների հետ բանակցելով», - նկատեց փորձագետը:
Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցելուն, փորձագետի հավաստմամբ՝ աշխարհում այդքան էլ շատ չեն նմանատիպ բալիստիկ հրթիռներ արտադրող երկրները. «Ես դեռս չեմ հանդիպել մի դեպքի, երբ տեխնոլոգիաները պարզապես փոխանցեն այլ երկրների»:
Այս օրերին Ադրբեջանում անցկացվող ADEX-2016 ցուցահանդեսի մասին խոսելով և արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք այն ի հակադրումն էր Երևանում Անկախության 25-ամյակին տեղի ունեցած զորահանդեսին, Տարոն Հովհաննիսյանն ասաց, թե դա չի կարելի դիտարկել որպես դրա շարունակություն: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի ընթացքում ինչ-որ քայլեր որպես հակադրող էֆֆեկտ կարող են լինել, բայց ADEX-ը երկու տարին մեկ անցկացվող ցուցահանդես է, 2014-ին ևս այն անցկացվել է:
«Այդ ցուցահանդեսի մասին հայտնի էր դեռևս 2015-ին, իսկ այս տարվա գարնանից արդեն որոշակիորեն հայտնի էր մասնակիցների ցուցակը: Այսինքն, այն պլանային, ծրագրավորած բնույթ էր կրում և հանկարծակի չէր կազմակերպվել, և նման մասշտաբի ցուցահանդես հնարավոր էլ չէր հանկարծակի կազմակերպել», - հաղորդեց Տարոն Հովհաննիսյանը:
Իսկ ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական կողմից որևէ նոր զինտեխնիկա չի ցուցադրվել. «Համաշխարհային ընկերությունների կողմից այս պահին այդպիսիք չեն ցուցադրվել, սակայն, հնարավոր է, որ ցուցադրվեն: Այն, որ Բաքվում է այդ զինտեխնիկան ցուցադրվում, դեռ չի նշանակում, որ դրանք Ադրբեջանինն են, պարզապես դա հարթակ է, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արտադրանքը և գնորդների են ներգրավվում», - նկատեց Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ցուցադրած տեխնիկայի մեջ նորություն չկա, բացառությամբ անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) մեկի, որը մեկ շաբաթ առաջ էին ցուցադրել:
«Իրենք հայտարարում են, թե դա իրենց անօդաչու թռչող սարքն է, բայց իրականում իսրայելական արտադրության սարք է, որն իրենք հավաքում են: Դա փոքր անօդաչու թռչող սարք է, կարող է 1-2 կգ պայթուցիկ նյութ տանել: Դատելով տեսանյութերից և տեսանկարահանումներից, առանձնապես արդյունավետ չէ, գրեթե նույն բանն է, ինչ որ նռնակ պայթեցնեն տեղում կամ այդ ԱԹՍ-ն իջնի այդքան պայթուցիկ զանգվածով: Իհարկե, այն գործածության մեջ դեռևս չենք տեսել, բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կամ նշանակություն կարող է ունենալ», - նշեց ռազմական փորձագետը:
ADEX-2016 ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում՝ սեպտեմբերի 27-ից 30-ը: