29/09/2016 13:57
2017-ի պետբյուջեի նախագիծը հաստատվեց. նախատեսվում է 100 միլիարդ դրամի ծախսերի նվազեցում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 տոկոս:
Նախագծով նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
«Մենք 2017 թվականին բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում, թվերը խոսում են դրա մասին: Նախատեսում ենք մոտավորապես 70 և ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 միլիարդ դրամի էլ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որոնք հնչեցնում ենք՝ կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, այդ բոլոր խնդիրները շատ և շատ ակտուալ են», - հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է:
Նրա խոսքով՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս:
«Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի», - նշեց Վ. Արամյանը՝ շեշտելով, որ հաջորդ տարիներին պետք է լինել պահպանողական, որպեսզի պարտքի գերաճ թույլ չտրվի: