29/09/2016 14:08
Խաղողի մթերման հարցում գյուղնախարարի վերաբերմունքը սուբյեկտիվ չի լինի
Գյուղատնտեսության նախարարությունում ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ գյուղացիներին աջակցելու ուղղություններ կլինեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Երբ որ ես ասում եմ, որ բիզնեսով պետք է զբաղվենք, մենք ծրագիր ենք մշակելու և փորձելու ենք ներդնել դոնորներ, ովքեր աջակցելու են, բիզնեսը ֆինանսավորելու դասընթացներ են անցկացվելու: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրեն բիզնեսով լուրջ զբաղվել», - ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ գյուղացին կառավարությունից պահանջում է, որ լավ ապրի. «Մենք ելքեր ենք փնտրում՝ ինչպես անենք, որ իր պահանջները կատարվեն»:
Նախարարն ասաց նաև, թե գյուղացուն միշտ պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը:
Լրագրողները Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեցին, թե խաղողի մթերման հարցում սուբյեկտիվ չի՞ լինելու իր մոտեցումը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինս Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է եղել մինչ նախարար նշանակվելը:
«Երբեք սուբյեկտիվ չի կարող լինել իմ վերաբերմունքը», - ասաց նախարարը: