29/09/2016 18:18
Նոր խաղադաշտեր և մարզադաշտեր՝ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում. Լուսանկարներ
Արդեն ավելի քան տասը տարի ժամանակակից, զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը, նոր խաղադաշտերի, նոր սերնդի մարզադաշտերի կառուցումը, որն ուղղակիորեն փոխկապակցված է մանկապատանեկան ֆուտբոլի շարունակական զարգացման հետ, եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության գերակա ուղղությունը:
ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր էլ, որպես կարևորագույն առաջնահերթություն, ՀՖՖ-ն շարունակում է նոր ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը՝ ընդգրկելով Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքը:
Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Արցախում կառուցվել և կառուցվում են նոր մարզադաշտեր, բնական և արհեստական խոտածածկով նոր սերնդի խաղադաշտեր, փոքր խաղադաշտեր և այլն:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու այլ պայմաններ է ժառանգվում նոր սերնդին:
Ձորաղբյուր
Միջազգայնորեն ընդունած պայմաններին համապատասխան 105 x 68 չափի նոր խաղադաշտ Ձորաղբյուրում:
Կառուցվել է վերջին 3 ամիսների ընթացքում: Այն մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի: Այստեղ իր մարզումներն է անցկացնում Երևանի «Արարատը»: Հիանալի որակի արհեստական խոտածածկով այս խաղադաշտը պատրաստ է ընդունել մանկապատանեկան մրցաշարերի հանդիպումներ:
Այստեղ կարող են մարզվել նաև Բարձրագույն և Առաջին Խմբերի թիմերը: Նախատեսվում է նաև տրիբունաների կառուցում խաղադաշտի հարակից տարածքում, ինչը հնարավորություն կտա այստեղ անցկացնել նաև Հայաստանի առաջնության հանդիպումներ:
«Փյունիկ»
Արհեստական ամենավերջին սերնդի խոտածածկեր են տեղադրվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկու մարզադաշտերում, ինչը նույնպես մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի:
Արհեստական խոտածակով է փոխարինվել ակումբի` նախկինում բնական խոտածածկ ունեցող խաղադաշտերից մեկը: Այն համապատասխանում է միջազգայնորեն ընդունված 105 x 68 չափի ստանդարտներին և հնարավորություն ունի անցկացնել միջազգային կարևոր հանդիպումներ: Մյուս խաղադաշտը ծավալներով փոքր է, սակայն նոր սերնդի հիանալի խոտածածկի շնորհիվ այստեղ տարվա տարբեր եղանակների հնարավոր կլինի անցկացնել մարզումներ, մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ փոքրիկ մրցաշարեր և այլն:
Դիլիջան
Դիլիջան քաղաքի UWC Dilijan քոլեջում բացված ֆուտբոլային խաղադաշտ, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ եւ համապատասխանում է FIFA-ի չափանիշներին և որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ վերջերս:
Բնական խոտածածկով ժամանակակից այս խաղադաշտը դարձել է ոչ միայն Քոլեջի սիրտը, այլև Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու, առողջ ապրելակերպով և ժամանակակից ֆուտբոլով զբաղվելու կենտրոն:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Շարունակական զարգացման ծրագրերից չի կարող դուրս մնալ ֆուտբոլային ենթակառուցվածքների մեր հպարտությունը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը, ֆուտբոլի ակադեմիան:
Այստեղ առկա արհեստական խոտածածկով խաղադաշտերից մեկն այս պահին նորոգման փուլում է: Արդեն հնացած խոտածածկը փոխարինվում է նոր, ավելի ժամանակակից սերնդի խոտածածկով:
Արհեստական խոտածածկով մեկ այլ խաղադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում: Խոտածածկը դեռևս տեղադրված չէ, բայց հատուկ մասնագետներն աշխատում են հետագայում դրա տեղադրման համար տարածքը հարթեցնելու, բարեկարգելու ուղղությամբ:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ առաջիկայում գնելու են այլ ակումբներ՝ Սևան, Չարենցավան, Էջմիածին, Վանաձոր, Արմավիր, Արցախ: