29/09/2016 14:11
Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է առնվազն 1000 հիմնադիր ունենա. «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը:
Ըստ նախագծի՝ պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններին առնվազն 3 տոկոս ձայն հավաքի, ինչպես գործող օրենքում:
«Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է առնվազն 1000 հիմնադիր ունենա, որոնք ներկայացնում են Երևանը և մարզերի առնվազն 1/3-ը», - նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը պետք է նաև ստորաբաժանումներ ունենա, իսկ կուսակցության գործունեությունը դադարեցվում է այն ժամանակ, երբ այն օրենքի կոպիտ խախտում է կատարում:
«Մասնավորապես, եթե խախտել է ֆինանսական հաշվետվության կարգը, այդ թվում` նվիրատվության հայտարարագրերի առումով: Կուսակցության գործունեությունը կարող է արգելվել, եթե այն սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ է անում», - ասաց արդարադատության նախարարը: