29/09/2016 09:34
Իշխանությունն ԱԺ է խցկելու «մաքուրով կրած» ՀՀԿ-ականների». «Հրապարակ»
Իշխանությունների երևակայությունն իրենց վերարտադրությունն ապահովելու հարցում անսպառ է: 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ այսօր իսկ գործողության մեջ է հետևյալ զեղծարարությունը. այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներով իրենց մարդկանց պատգամավոր դարձնելու համար նախանշված «պատգամավորացուի» ընկեր-ծանոթ-բարեկամ-ազգականները դուրս են գալիս իրենց բնակության վայրի հաշվառումից և հաշվառվում այն հասցեներում, որտեղ որ պետք է լինեն տվյալ թեկնածուի ընտրությունները: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Եվ ընտրությունների օրը մեկ մարդու նման այդ նորահայտ ընտրողները պետք է գնան ընտրական տեղամաս ու քվեարկեն տվյալ թեկնածուի օգտին: Որոշված է, որ, օրինակ, Ավանում կրկին պատգամավոր պետք է դառնա Ռոբերտ Սարգսյանը, Էրեբունիում՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, Արտաշատում՝ Արգամ Աբրահամյանը, և այսպես շարունակ: Հասկանալով, որ ՀՀԿ-ի ռեյտինգը խիստ ցածր է, իշխանական վերնախավը փորձում է իր չեղած ռեյտինգը կոմպենսացնել «ռեյտինգային ցուցակներով»՝ ԱԺ խցկելով «մաքուրով կրած» ՀՀԿ-ականների»,-հավելել է թերթը: