29/09/2016 11:41
Վարչապետը հանձնարարել է վերանայել ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին:
Նա շեշտեց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ բավականին շատ է խոսվել սննդի անվտանգության մասին:
Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը` շեշտը դնելով նրա վրա, թե լաբորատորիան պե՞տք է լինի այդ վարուչթյան մեջ, թե՞ լինի անկախ:
«Հաջորդ հանձարարականը` սեփականաշնորհված ակտիվներ, գույք, որոնք այսօր չեն աշխատում: Հաձնարարում եմ նախևառաջ գույքագրել, մշակել ու ներկայացնել չօգտագործվող գույքի մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն», - ասաց նա` շեշտելով, որ պետք է «սեփականատերերին փորձել մոտիվացնել ու ակտիվացնել, որ այդ գույքը ներկայացնեն»:
«Մենք խնդիր ունենք գնումները կարգավորելու` քննարկել կենտրոնացված կարգավորման մեխանիզմների ներդրման հնարավորությունը, թե որ ապրանքներն են նպատակահարմար ձեռք բերել», - նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը` պարզելու համար, թե որքանով են դրանք արդյունավետ:
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է ունենան հստակ ու չկրկնվող գործառույթներ: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել դա», - հանձնարարեց վարչապետը:
Նա ընդգծեց` նույնը վերաբերում է նաև ԾԻԳ-երին:
«Այն ԾԻԳ-երը, որոնք զբաղվում են գնումների գործընթացով: Սպորտի և մշակույթի նախարարություններին հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը», - ասաց Կ.Կարապետյանը:
Հաջոդ հանձնարարականը վերաբերում էր տարածքների համաչափ զարգացմանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017 թվականի բյուջեների թեմատիկ նախագծերը:
Կարեն Կարապետյանը շեշտեց` երեքշաբաթյա ժամկետում պատրաստել համայնքային զարգացման ու կառավարման մեթոդաբանությունը:
«Այդ փաստաթղթերը պետք է ապահովեն տնտեսական զարգացում: Ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման քայլերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան», - ասաց վարչապետը:
Նա տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեթոդաբանությունը մշակել մաքսիմալ պարզ ու հստակ: