30/09/2016 14:49
ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորները Գագիկ Ծառուկյանն ու Աշոտ Աղաբաբյանն են
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում ամենից շատ չքվեարկած ու բացակայած պատգամավորներ ունեցող խմբակցությունն է։
«Քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանն է. նա որևէ նիստի չի մասնակցել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքները:
Նրա խոսքով՝ քվեարկությունններից ամենաշատը բացակայելու առումով ԲՀԿ-ին չի զիջում նաև ՀՀԿ-ն: Այստեղ ամենաշատ բացակայած պատգամավորը Աշոտ Աղաբաբյանն է, ով նույնպես որևէ նիստի չի մասնակցել:
«ԲՀԿ խմբակցությունից Հայկ Խաչատրյանը 110 նիստից մասնակցել է միայն 5-ին, իսկ ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը՝ միայն 7-ին»,-նշեց նա:
Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ վատացել է պատգամավորների նախաձեռնողականության մակարդակը. նրանք սկսել են ավելի քիչ մտածել օրենքներ գրելու մասին:
«Ամենացածր ցուցանիշներից մեկն արձանագրվել է 9-րդ նստաշրջանի ընթացքում. 95%-ը Կառավարության և միայն 5%-ը պատգամավորների նախաձեռնությամբ է օրենք ընդունվել։ Նախորդ խորհրդարանում այդ ցուցանիշը եղել է 7%։ 112 օրենքից միայն 5-ի հեղինակն է Ազգային ժողովը»:
Լուսինե Վասիլյանը շեշտեց՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 5-ը չի կազմակերպել որևէ լսում՝ խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքը:
«Եվրաինտեգրման հանձնաժողովն ընդհանրապես որևէ նիստ չի ունեցել: Լուռ պատգամավորների թիվը կայուն է մի քանի տարի. պատգամավորների մոտ կեսը կամ կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ ելույթ չի ունեցել, ինչը 77 տոկոս է կազմում: Դրանք հիմնականում ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցությունից են: Մասնավորապես, ՀՀԿ-ի 69 պատգամավորներից լուռ է եղել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից 24-ը»,-ասաց նա:
Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ամենից շատ կողմ քվեարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 90% արդյունք բոլոր քվեարկություններից։
«Ամենից շատ դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը, ավելի հաճախ չեն կողմնորոշվել, ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ի պատգամավորները»,-ընդգծեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը: