30/09/2016 14:44
Լևոն Ալթունյանը հանձնարարել է հիվանդանոցներին շարունակել վիրավոր զինծառայողների բուժումը հաստատված ծրագրով
Վիրավոր զինծառայողների ու ազատամարտիկների բուժման հարցը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ուշադրության ներքո, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ահազանգել էր, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոփոխությունից հետո` նրա ցուցումով բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավոր զինծառայողների ու ազատամարտիկների հարազատներին զգուշացնում են, որ իրենց բուժման կուրսերն այսպիսով ավարտված են ու նրանք պետք է դուրս գրվեն հիվանդանոցներից:
«Նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքի անցնելուց հետո անդրադարձել է մի շարք անհապաղ լուծում պահանջող հարցերի` այդ թվում այս հարցին: Նա հանձնարարականներ է տվել ինչպես նախարարության ստորաբաժանումներին, այնպես էլ հիվանդանոցներին, որպեսզի բուժումը շարունակվի նույն կերպ», - ասաց Անահիտ Հայթայանը: