30/09/2016 14:02
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար կալանավորված Արթուր Սարգսյանին, ով հայտնի է «հաց բերող» անունով, ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org կայքում:
Ստորագրահավաքին արդեն միացել է 600 և ավելի քաղաքացի:
Ըստ ստորագրահավաքի մասնակիցների՝ Արթուր Սարգսյանը «խղճի բանտարկյալ է»:
«Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդն, ով բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն և թշնամություն»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ օրերս Վերաքննիչ դատարանը մերժել էր Արթուր Սարգսյանի փաստաբանների ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Դատարանը մերժել էր նաև որպես խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է:
Նախկինում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է ոչ թե վերը նշված հոդվածներով, այլ՝ այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու մեջ: