30/09/2016 15:07
Իրանը ՕՊԵԿ-ի որոշումը պատմական է որակել
ՕՊԵԿ-ը որոշում է կայացրել նվազեցնել նավթի արդյունահանումը, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանի նավթի նախարարը ԻԻՀ պետական հեռուստաընկերության առաջին ալիքին տված հարցազրույցում, նավթ արդյունահանող երկրների կազմակերպության կայացրած որոշումը պատմական է որակել և հավելել, որ ՕՊԵԿ-ի նոր որոշման համաձայն՝ օրական 32.5 միլիոն բարելով նավթի արդյունահանումը կկրճատվի:
Բիժան Զանգանեն տեղեկացրել է, որ ՕՊԵԿ-ի կայացրած նոր որոշման համաձայն՝ Իրանի չափաբաժինը դեռ չի հաստատվել:
Իրանական «Ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ՝ Իրանը նավթի արդյունահանման հարցում Սաուդյան Արաբիայի նկատմամբ հաղթանակ է տարել, քանի որ նախկինում Սաուդյան Արաբիան պնդում էր, որ մի պայմանով կնվազեցնի նավթի արդյունահանումը, եթե Իրանը նույնպես նվազեցնի:
«Սաուդյան Արաբիան ի վերջո գնաց զիջումների, և ՕՊԵԿ-ի անդամ երկրները պետք է օրական 700 հազար բարելով կրճատեն նավթի արդյունահանման ծավալները, սակայն այս հարցում Իրանի համար բացառություն է արվել»,-հաղորդում է իրանական աղբյուրը: