30/09/2016 09:36
Շնչառական վարակներն ունեն սեզոնայնություն, մենք հիմա գտնվում ենք սեզոնի մեջ. Մասնագետ
Հայաստանի Հանրապետությունում «գրիպ» անվանել շնչառական վարակների սեզոնային տարածվածությունը, ճիշտ չէ. դրանք ընդամենը սեզոնային շնչառական վարակներ են, որոնք դիտվում են յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Ըստ նրա, սեզոնը սկսում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթվանից:
«Մենք հիմա գտնվում ենք 39-րդ շաբաթում: Շնչառական վարակները, որոնք հիմա դիտվում են, կապված են ցուրտ եղանակի հետ: Լաբորատոր հետազոտությունների արդյուքններով մենք այսօր ունենք շրջանառվող Ռինո վիրուսը, որը շատ հեռու է գրիպի վիրուս լինելուց», - ասաց Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ բնակչությունը գանգատվում է քթահոսությունից, փռշտոցից, արցունքահոսությունից, մկանային ցավերից, ջարդվածությունից, որը գրեթե 4 օրվա ընթացքում անցնում է:
Երեխաների մոտ կարող են դիտվել բարդություններ՝ ելնելով նրանց օրգանիզմի առանձնահատկություններից:
«Յուրաքանչյուր տարի բոլորս հնչեցնում ենք, որ տարածված վիրուս կա և այլն: Սովորաբար, շնչառական վարակներն ունեն սեզոնայնություն, մենք հիմա գտնվում ենք սեզոնի մեջ: Կատարվում է շաբաթական մոնիտորինգ, ըստ որի, անցյալ տարի նույն ժամանակահատվածում 300-400 դեպքով ավելի դեպքեր են եղել, քան ներկայումս է դիտվում», - տեղեկացրեց Լիանա Թորոսյանը՝ ընդգծելով, որ հիվանդացությունն այսօր ուղիղ համեմատական է ցուրտ եղանակի հետ:
Մասնագետի խոսքով՝ վախենալ պետք չէ, պարզապես պետք է լինել զգոն:
«Եթե հիվանդացության երկրորդ օրից հետո վիճակի լավացում դիտվում է, նորմալ է, բայց եթե լավացում չի դիտվում, ուրեմն սա մեզ համար ազդանշան է, որպեսզի անհապաղ դիմենք բժշկական օգնության. ուրեմն օրգաիզմում ինչ-որ թույլ տեղ կա, որը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով բարդության պատճառ դառնալ», - հաղորդեց Լիանա Թորոսյանը:
Ամփոփելով ասածը, Լիանա Թորոսյանը նշեց, թե մտնում ենք գրիպի սեզոն, բոլորս պետք է լինենք զգոն, ունենք շրջանառվող հարուցիչ, որը գրիպ չէ, բայց առաջացնում է գրիպանման հիվանդություններ, անցնում է թեթև, պետք է հագնվել եղանակին համահունչ, օգտագործել առատ վիտամիններով սնունդ: