30/09/2016 12:08
Վանաձորում քարոզարշավը խախտումներով է ընթանում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի դիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ վերը նշված խախտումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վկայակոչելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:
«Հավելենք, որ թիվ 30 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հանձնաժողովը միայն հասարակական տրանսպորտի վրա քարոզչական պաստառներ փակցրած լինելու մասին է ահազանգ ստացել, սակայն այլ արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցրած լինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն կամ ահազանգ չի ստացել»,-ասված է ՀՔԱՎ տարածած հայտարարությունում: