30/09/2016 10:55
Կին 8 դատապարտյալ վարսահարդարի վկայական են ստացել
Օրերս ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում տեղի է ունեցել վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ:
Հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվել և կահավորվել է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով հագեցած մասնագիտական սենյակ:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում:
Ազատազրկված 8 կին դատապարտյալներ հաջողությամբ ավարտել են վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը և ստացել վկայականներ:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Լիտվայի դեսպանն ու հյուպատոսը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ-ի և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, դասընթացի կազմակերպիչները:
Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած կանայք ցուցադրել են իրենց ձեռք բերած հմտությունները՝ կատարելով կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր և այլն: