30/09/2016 13:33
Վազգեն Մանուկյանը համաներում հայտարարելու հարցով կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ
Հանրային խորհուրդը գրավոր և բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից` դիմելու ՀՀ նախագահին անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում և հուլիսյան դեպքերի հետ կապված:
Մասնավորապես, քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաև հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաև նոր կառավարության արդյունավետ գործունեությունը:
Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ: