01/10/2016 09:23
Դավիթ Բաբայան. Քերին ներկայացրել է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց դիվանագիտական բառապաշարով
Ջոն Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ջոն Քերին ներկայացրել է իավիճակը, բայց դա արել է դիվանագիտական բառապաշարով: Նախ և առաջ այն, որ ներկա դրությամբ հնարավոր չէ կարգավորել ԼՂ հակամարտությունը` փաստ է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ֆաշիստական ու ապակառուցողական քաղաքականությունը», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց` այս պահին հակամարտության կարգավորումն ընթանում է մեկ ուղղությամբ` խաղաղության ու կայունության պահպանում:
«Այնպես որ Քերին իր հայտարարությունում ներկայացրել է եղած իրավիճակը, բայց դիվանագիտական բառապաշարով: Դրա վկայությունն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` կարգավորմանը պատրաստ չեն երկրների ղեկավարները, իրականում` պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հայատյացությունն է ու ֆաշիզմը», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ այս մասին է վկայում նաև Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, ըստ որի` «բանակցությունները պետք է ավարտվեն, ինչպես նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները, եղած ստատուս քվոյի փոփոխությամբ ու ադրբեջանական օկուպացված տարածքների ազատմամբ»:
«Այս հայտարարությունը ևս վկայում է, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է սխալ և ոչ ադեկվատ ձևով, այսինքն այն փորձում է կրկին բռնակցել Արցախը, բայց խաղաղ ճանապարհով: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է այս քայլերը դատապարտի», - ամփոփեց Դավիթ Բաբայանը: