01/10/2016 15:28
Զինված միջադեպ՝ Երևանի Սլավոնական համալսարանի մոտ. Նոր մանրամասներ
Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի մասին Aysor.am-ի թղթակցին որոշ մանրամասներ են պատմել ականատեսները:
Ըստ նրանց, միջադեպը գրանցվել է ոմն քաղաքացու և համալսարանի ուսանողների միջև: Նրանք պաշտպանել են ուսանողուհիներից մեկին, ում դանակով զինված քաղաքացին փորձում էր առևանգել համալսարանի տարածքից:
Աղջիկը սովորում է համալսարանի 4-րդ կուրսում:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ Սլավոնական համալսարանի դիմաց այսօր դանակով զինված քաղաքացին սպառնացել է մի աղջկա:
«Քաղաքացին դանակը դրել է մի աղջկա պարանոցին և պահանջել է, որպեսզի ոչ ոք չմոտենա: Ահազանգի հիման վրա բերման է ենթարկվել մեկ անձ: Այս պահին հանգամանքները պարզվում են», - նշել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունն ահազանգը ստացել է 13:40-ին: