01/10/2016 12:54
Տիգրան Մուկուչյանն այցելել է նախընտրական Վանաձոր և Գյումրի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Մուկուչյանը հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:
Այսօր` հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրու ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի և Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ: