05/10/2016 19:04
Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակել
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
«Մենք, որպես գրավ, առաջարկել էինք մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ: «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»,- նշեց պաշտպանը:
Փաստաբանը փոխանցեց, որ այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո այն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից:
Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: