20/10/2016 18:40
Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է
Հոկտեմբերի 20-ից մեկնարկում է անալոգային հեռարձակման փուլային անջատման ծրագիրը: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է. լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։
Ըստ նրա՝ նախարարությունը փուլ առ փուլ ապահովել է ֆինանսական բոլոր հոսքերը, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Ուշադրության կենտրոնում են գտնվել գործընթացի 3 հիմնական՝ իրավական, տեխնիկական և սոցիալական բաղադրիչները։
«Այդ բաղադրիչներից ամենակարևորը` սոցիալական բաղադրիչը, ենթադրում էր անվճար սարքերի տրամադրում առավել մեծ թվով սոցիալապես անապահով ընտանիքների: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 1մլն 700 հազար դոլար հատկացրեց շուրջ 110600 ընդունիչ կցուրդ սարք ձեռք բերելու համար: 2 հազար ընդունիչ սարք էլ ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց տրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այսօրվանից անալոգային ազդանշանի հեռարձակումն անջատվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Շիրակի մարզերում: Իսկ հոկտեմբերի 27-28-ից ՀՀ ամբողջ տարածքում անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի»,-նշել է Արթուր Առաքելյանը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ իր հերթին նշել է, որ կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին:
«Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: Թվայնացման դրական արդյունքներն ակնհայտ կլինեն մարզային բնակչության համար։ Եթե նախկինում մարզային բնակավայրերում 3-4 հեռուստածրագիր էին դիտում, այժմ բնակչությունը հնարավորություն ունի դիտելու 9 հեռուստածրագիր»,- ընդգծել է Ամալյանը: