20/10/2016 18:19
Ո՞վ է մասնակցել ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթին. Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է Վահան Բադասյանին
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարության առնչությամբ։
«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ՝ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ):
Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»,- Facebook-յան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: