20/10/2016 22:01
Երվանդ Վարոսյանը պարտվեց առաջին ատյանի դատարանում
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Երվանդ Վարոսյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի դեմ ներկայացված հայցի քննության արդյունքում հրապարակել է վճիռ, որով մերժել է Երվանդ Վարոսյանի հայցը։
Հիշեցնենք, որ այս քաղաքացիական գործը վերաբերում է Փաստաբանների պալատի խորհրդի 2015 թ-ի դեկտեմբերի 17-ի թիվ 214-Ա որոշմանը, որով Երվանդ Վարոսյանը պատասխանատվության էր ենթարկվել ֆեյսբուքյան իր էջում ոչ կոռեկտ արտահայտությունների համար։
Մասնավորապես նա նշել էր, որ «Մեկ էլ կայֆա, որ քեզնից հղիներով հավաքվում են ու նյութի տակ լայքադրսևորվում են»։
Գործի վերաբերյալ Aysor.am-ի հարցերին պատասխանեց փաստաբանների պալատի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Բաբայանը։
- Պարոն Բաբայան, ինչպես կմեկնաբանեք դատարանի վճիռը։
- Եթե դատարանը բավարարեր Երվանդ Վարոսյանի հայցը և անվավեր ճանաչեր խորհրդի որոշումը, կստացվեր, որ փաստաբաններն ազատ էին լինելու վիրավորական արտահայտություններ գրառել կամ արտահայտվել, ինչը ի վերջո լավ բանի չէր բերելու։ Չէ՞, որ հասարակությունը փաստաբանի կերպարի մեջ կուզենա տեսնել գրագետ, համարձակ և զուսպ մասնագետի։ Եվ եթե փաստաբանը հրապարակային վիրավորական և անլուրջ հայտարարություններ է տարածում, ապա բնական է, որ դրանով ուղղակիորեն մեր համայնքն է վարկաբեկվում։ Ես կարծում եմ, որ խորհրդի անդամն առավել զսպվածություն պետք է ցուցաբերի։ Չէ, որ խորհուրդն է որոշում մյուս փաստաբանի վարքագծի հետ կապված հարցը։ Մենք, մեր առարկություններում բերել էինք ծանրակշիռ փաստարկներ, ընդհուպ մեջբերել ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնք վերաբերել են փաստաբաններին։ Մեջբերել ենք Եվրոպայի փաստաբանների պալատների միության (CCBE) մասնագիտության հիմնական սկզբունքների մասին մեկնաբանությունները, ըստ որոնց փաստաբանը իրավունք չունի անել այն, ինչը կարող է հեղինակազրկել իրեն կամ փաստաբանությանը, որպես մասնագիտություն, կամ թուլացնել փաստաբանության նկատմամբ հասարակության վստահությունը։
- Արդյո՞ք դատարանի վճիռը չի սահմանափակում փաստաբանի ազատ խոսքը։
- Խոսքի ազատությունը կարող է օրենքով սահմանափակվել։ Այդ սահմանափակումներից են օրինակ, վիրավորանքի և զրպարտության համար քաղաքացիական պատասխանատվություն նախատեսելը։ Փաստաբանները, ի տարբերություն մյուս քաղաքացիների, կարող են կրել նաև լրացուցիչ պարտականություններ կապված իրենց վարքագծի սահմանափակման հետ։ Սա բխում է Եվրոպական դատարանի Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի և Քինգսեսն ընդդեմ Հունգարիայի գործերով կայացված որոշումներից։ Եվրոպական դատարանը հստակ նշել է, որ փաստաբանի վարքագիծը կարող է սահմանափակվել իր կարգավիճակից ելնելով և դա կարող է սահմանափակվել վարքագծի կանոնագրքով։ Այնպես, որ եթե վարքագծի կանոնագրքով փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանը, ապա այդ մասով փաստաբանի վարքագիծը, այդ թվում՝ խոսքը, կարող է սահմանափակվել։
- Ինչպե՞ս եք կարծում, պարտված կողմը կբողոքարկի՞ վճիռը։
- Այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Դատական ակտից դժգոհ կողմը իրավասու է բողոքարկել այն վերադաս դատարան՝ մեկ ամսվա ընթացքում։