20/10/2016 15:31
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ձևավորելու մտադրությունը աննախադեպ է. Թաթուլ Մանասերյան
ՀՀ կառավարության ծրագրի մեջ ընդգրկված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ձևավորելու առաջարկը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը համարում է աննախադեպ, քանի որ միտված է և Հայաստանի, և հայության մասնագիտական ներուժը համախմբելու մեջ:
«Շատ կարևորում եմ այն, որ ՀՀ կառավարութունը մտադիր է ձևավորել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Սա աննախադեպ առաջարկ է և մտադրություն, որը, կարծում եմ, կյանքի կկոչվի: Իմ համոզմամբ և պատկերացմամբ, սա հնարավորություն պետք է ընձեռի համախմբել և´ Հայաստանի, և´ հայության մասնագիտական ներուժը, որը վերջին տարիներին, անկախության ամբողջ ընթացքում եղել է մեկուսացված», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թաթուլ Մանասերյանը:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ գործառույթներ են նախատեսվում նման կենտրոնի ստեղծմամբ, Թ.Մանասերյանը պատասխանեց. «Աննախադեպ է նրանով, որ կառավարությունը պահանջ է տեսնում: Ենթադրվում է, որ սա ծրագրերի մշակման, փորձաքննության, փորձագիտական նշանակության կենտրոն պետք է լինի, որովհետև Հայաստանում ոչ միայն բազմաթիվ են այդպիսի ծրագրերը, որոնք երբևէ փորձագիտական քննություն չեն անցել, բայց երկրորդը, որն ինձ համար շատ ավելի կարևոր է, և վերածվում է սպառնալիքի, դրանց համար բազմաթիվ փոխառություններ են վերցվել, առանց տեղական փորձագետների ներգրավելու, թե ինչ օգտակարություն ունի և ինչ հետևանքներ կարող է ունենալ»:
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ նման կենտրոնի ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանք անհրաժեշտ են ծրագրերի փորձագիտական գնահատական տալու համար և որպես օրինակ բերեց «Նաիրտի» վերագործարկման մասին ծրագիրը:
«Վերջերս խոսվեց «Նաիրտի» վերագործարկման մասին: Մենք բոլորս հասկանում ենք,որ «Նաիրիտը» մեծ ծախսեր է կուտակել արդեն, և եթե ինձ փորձում եմ պատկերացնել ներդրողի դերում, չեմ կարծում, որ շատ հրապուրված պետք է լինեմ, սկսեմ պարտքերը փակելուց: Նման կենտրոնները կարող են փորձագիտական գնահատական տալ, որքանով է իրատեսական, կարող ենք առաջարկ ներկայացնել ներդրողներին, որոնք են առաջնահերթությունները: Նման կենտրոնը կարծում եմ դրա պատասխանը կարող է տալ», - հայտարարեց նա: