20/10/2016 17:24
Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել և լավ է տրամադրված նոր վարչապետի հանդեպ. Կարինե Աճեմյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դրական է գնահատում առաջին նախագահի առաջարկությունները կառավարության նոր ծրագրի վերաբերյալ։ Նման կարծիք պատգամավորը հայտնեց Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի երկու առաջարկի մասին։
«Կարծում եմ, որ առաջին նախագահն անկեղծ է և ուզում է օգնել։ Համարում եմ, որ լավ է տրամադրված նոր կառավարության, հատկապես վարչապետի անձի հանդեպ։ Բնական է, որ նա ունի մտահոգություններ, որոնք կիսում է և դրանց մասին առաջարկություններ է հայտնում։ Այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանի նշած առաջարկները մեզ համար առաջնային են ընտրված։ Վարչապետն իր ելույթներում բազմիցս կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը», - ասաց Կ.Աճեմյանը։
Անդրադառնալով կառավարության առաջարկած օպտիմալացմանը՝ պատգամավորը շեշտեց, որ դա թեև ցավոտ, բայց անհրաժեշտ գործողություն է։
«Օպտիմալացման ծրագրերն ու կրճատումները ցավոտ են լինելու, մինչդեռ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ազատվենք այն ավելորդ ծանրաբեռնվածությունից, որը երկրին օգուտ չի տալիս։ Սա նշանակում է, որ բնակչության մի որոշ հատված, որոշակի առավելություններից կզրկվի։ Դրա համար էլ սա ցավոտ գործընթաց եմ համարում, բայց օպտիմալացումը, մասնավորապես մի շարք ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների կրճատումը, կբերեն մի վիճակի, երբ աշխատող ձեռնարկությունները ոչ թե վնաս, այլ օգուտ կտան երկրին», - ընդգծեց նա։
Կարինե Աճեմյանի խոսքով՝ լուրջ քննարկման թեմա պետք է դառնա առաջին նախագահի՝ նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվների և հիմնադրամների վերացման մասին առաջարկությունը։