20/10/2016 23:01
Նալբանդյան. Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու մրցույթ է հայտարարվել
Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու և սեփական հանրությանը մոլորեցնելու մրցույթ է հայտարարվել, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Բայց դե բոլորս գիտենք, թե նման մրցույթներում ով է միշտ հաղթանակած դուրս գալիս Ադրբեջանում։ Սակայն այսօր ադրբեջանական ղեկավարության առասպելաբանությունը տարածվում է ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վրա», - ասել է Է.Նալբանդյանը։
Նրա խոսքով, ըստ Բաքվի՝ Ադրբեջանում առանց բացառության հարգվում են բոլոր ժողովրդավարական նորմերը:
«Օրինակ՝ ծաղկում է քաղաքացիական հասարակությունը։ Բայց պարզվում է նույն կարծիքին չէ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, ով սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում կաթվածահար է և անկախությունից ի վեր ամենավատ վիճակում է գտնվում: Բաքվի կարծիքով իրենց երկրում մամուլը լիակատար ազատություն է վայելում: Մինչդեռ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն, Ադրբեջանը դասվում է աշխարհի տասը ամենագրաքննվող երկրների շարքում: Ավելին` զբաղեցնում է «պատվավոր» հինգերորդ տեղը: Աշխարհում Մամուլի ազատության ցուցիչով Ադրբեջանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը», - ասել է Է.Նալբանդյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարները սիրում են կրկնել, որ իրենք կառուցում են բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողականության վրա հիմնված հասարակություն:
«Իսկ ինչպե՞ս է դա համադրվում Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. հերթական զեկույցի հետ, որտեղ խոր մտահոգություն է հայտնվում` ինչպես պետական մակարդակով հակահայկական ատելության քարոզչության, այնպես էլ Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության վերաբերյալ», - ընդգծել է ՀՀ արտգործնախարարը։