20/10/2016 22:56
Ադրբեջանը խճճվել է և նրան օգնություն է հարկավոր. Նալբանդյան
Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը և փորձում են հնարած միֆերը հրամցնել իջազգային հանրությանը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը», - հայտարարել է Է.Նալբանդյանը Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների:
«Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր», - նշել է ՀՀ արտգործնախարարը։
«Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ», - ասել է Է.Նալբանդյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար:
«Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան», - ընդգծել է Է.Նալբանդյանը։