20/10/2016 20:55
ԶԼՄ. Ռուսաստանը ցանցահեններին վերածել է քաղաքական ուժային գործիքի
Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի շտաբերի դեմ հաքերային հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը, որն այս կերպ փորձում է անորոշություն մտցնել ԱՄՆ-ի դեմոկրատական գործընթացում, գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը Fancy Bear և Cozy Bear անուններով հայտնի ցանցահեններին համացանցի լրտեսներից վերածել է քաղաքական ուժային գործիքի և ուղղել է երկրի հակառակորդների դեմ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքում է իր երկրի մասնակցությունն այդ հարձակումներին։
«Բոլորը խոսում են այն մասին, թե ով է կազմակերպիչը, բայց արդյոք դա է կարևոր։ Տեղեկատվության բովանդակություն, ահա, թե ինչն է իրականում կարևոր»,-մեջբերում է պարբերականը Պուտինի խոսքերը։
WSJ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հարձակումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ռուսական անգլալեզու ԶԼՄ-ներն արշավ են սկսում և կենտրոնանում են արևմտյան ինստիտուտներում բացասական լուրերի վրա։