20/10/2016 12:17
Պետք է արդար մրցակցության համակարգեր ստեղծել, որպեսզի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չկարողանան իրենց դիրքը չարաշահել. Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության նոր ծրագրին՝ նշելով, որ այնտեղ կոնկրետ միջոցառումներ են ներկայացված, այդ թվում նաև՝ հարկային ու մաքսային ոլորտներում:
«ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կարգավորումներ ունենք: Նաև մտածում ենք որոշակի գործիքակազմի կիրառման ուղղությամբ», - ասաց Վարդան Արամյանը:
Արձագանքելով հնարավոր դեֆոլտի մասին կանխատեսումներին, ֆինանսների նախարարն ասաց, թե ինքը դեֆոլտի կանխատեսում չունի, փոխարենն ունի մտահոգություն:
«Այն է, որ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր կան, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով՝ ես չեմ կարծում, որ այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք», - նշեց նա:
Վարդան Արամյանը լրագրողներին հորդորեց կենտրոնանալ ոչ թե օլիգարխների վրա, այլ՝ համընդհանուր հարկային արդարության ու սկզբունքների վրա: Պարզաբանելով ասածը՝ նախարարն ասաց. «Ամբողջ աշխարհում կա գերիշխող դիրքը: Պետք է արդար մրցակցության համակարգեր ստեղծել և այնպես անել, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չկարողանան իրենց դիրքը չարաշահել»: