20/10/2016 16:06
Վիգեն Սարգսյանը կարևորել է զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե ինստիտուցիոնալ և թե օրենսդրական վերանայման բնագավառներում:
Ֆիլիպ Բուայան, իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը: