20/10/2016 18:55
Պետք է կոտրել կարծրատիպը, թե զորամասը զինվորներին նվերներ տանելու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է. Վիգեն Սարգսյան
Մենք պարտավոր ենք հզորացնելու ու զարգացնելու մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները, Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության պաշտպանական հատվածի հիմքում դրվել է ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը:
«Ազգ-բանակ գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշտպանության գործին»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն այս գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլև Հայաստանում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդուն հասցնելը:
Նախարարը ընդգծեց՝ ազգ-բանակի նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորմամբ հայոց բանակը հասարակության դարբնոցի վերածելն է:
«Այս արժեհամակարգի արժևորումը թույլ կտա հանրային իրեզեկաման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ հասարակական ժողովրդավարական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության և թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման խնդիրները՝ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ համատեղ ջանքերով պետք է կոտրել հասարակության մոտ այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն զինվորներին նվերներ տանելու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է:
«Բանակը Հայաստանի ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում է մյուս բոլոր կառույցների և ինստիտուտների հետ: Մեր խնդիրը համագործակցության եզրերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման մեջ է»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարը նշեց, որ բանակը տնտեսության գիտատար ասպարեզներում կարող է լինել նորարարական մշակումների հարթակ: