20/10/2016 13:00
Վարչապետ. Բիզնեսմենն է որոշելու՝ դիմել բրոքերին, թե մաքսատանը
Մաքսային թղթապանակներ չեն լինելու, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո:
«Պապկաներ չեն լիենլու, լինելու են բրոքերային կառույցներ, ինչպես ամբողջ աշխարհում, որտեղ բիզնեսմենն ինքն է որոշելու այդ բրոքերին է ուզում դիմել, թե մաքսատանը։ Որևիցե պարտադրանք որևիցե բիզնեսմենի հանդեպ չի լինելու», - հայտարարեց վարչապետը:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարում աննախադեպ քայլեր են իրականացվում:
Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, որոշում է կայացվել մաքսային թղթապանակները ստվերից հանելու մասին, իսկ բրոքերային գրասենյակները պետականացվելու են:
Ինչպես հայտնի է, ներմուծման և արտահանման բոլոր գործընթացները ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և տնտեսվարողների միջև իրականացվում են մասնավոր հատվածում գործող բրոքերային գրասենյակների միջոցով, որոնք իրենց միջնորդական ծառայությունների համար գումար են գանձում ներկրողներից և արտահանողներից՝ կապված իրականացվող գործարքի ծավալից: