20/10/2016 11:49
Բոլորը պետք է իրենց միջոցները ներդնեն, որպեսզի 18-րդ դարից հասնենք 21-րդ դար. Գյուղատնտեսության նախարար
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես են զարգացնելու գյուղատնտեսության ոլորտը, նշեց, թե նոր տեխնոլոգիաներ՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ պետք է լինեն, որպեսզի զարգանա տնտեսությունը:
«Խոշորացում՝ կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների. դա հիմնական ուղղությունն է», - ասաց գյուղատնտեսության նախարարը:
Նա նշեց, որ իր աշխատանքը դեմքով դեպի գյուղը լինելն է:
Դիտարկմանը, թե Հայաստանում գյուղատնտեսությունը 18-րդ դարի տեխնոլոգիաներով է աշխատում, նախարարն արձագանքեց. «Բոլորը միասին՝ գյուղացին իր հերթին, կառավարությունն իր հերթին, ներդրողն էլ իր հերթին պետք է միանան, որպեսզի 18-րդ դարից հասնենք 21-րդ դար: Դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որն, այո, այսօր չունենք, որպեսզի ներդնենք և մեկ օրում զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»: